«Անսահման սիրում ենք պուճուրին». Սաքոյի եւ Սեդայի նոր ֆոտոշարքը` նորածին դստեր հետ

 

Մոդել, ոճաբան Սաքո Մկրտչյանի եւ դիզայներ Սեդա Մանուկյանի ընտանիքում համալրում է եղել: Նրանց դուստրը՝ Սելիննը, արդեն երկու ամսական է, եւ այդ առիթով ծնողները որոշել են ընտանեկան գեղեցիկ ֆոտոշարք ունենալ, որի առաջին կադրերն էլ տրամադրել են BRAVO.am-ին: Նրանց հետ նաեւ զրուցել ենք ծնող դառնալու զգացողությունների, երեխայի անվան ընտրության, նոր լուսանկարների, աշխատանքային զբաղվածության մասին, եւ ոչ միայն:

Սեդան ու Սաքոն պատմել են, որ երբ իմացել են՝ երեխան աղջիկ է լինելու, որոշել են անունը Սելինն դնել: Կեսկատակ ընդգծում են նաեւ`այդ ընտրությունը ոչ մի կապ չունի Սելին Դիոնի անվան հետ, ինչպես շատերը մտածում են.«Ուզում էինք` մեր ընտանիքում «Ս»-ով սկսվող անունների շարունակություն լիներ: Իսկ թե ինչու երկու «ն»-ով, պարզապես մտածեցինք, որ այդպես ավելի ինքնատիպ կհնչի: Իրականում իր բնավորությանը լրիվ համապատասխանում է անվան նկարագրությանը` շատ հանգիստ է, հավասարակշռված»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Երիտասարդ ծնողները խոստովանել են, որ շատ կուզենային՝ երեխան իրենց ճանապարհով գնա եւ հետագայում ընտրի նորաձեւության ոլորտը: Սակայն իրենց մեծ երազանքներից մեկն էլ այն է, որ Սելիննը դառնա բալետի պարուհի: Իհարկե, աղջիկը միշտ էլ կունենա ազատ ընտրելու եւ կողմնորոշվելու հնարավորություն, սակայն ցանկանում են իրենց ներդրումն ունենալ այդ հարցում:

Սելիննը

Խոսելով ծնող դառնալու զգացողությունների մասին` Սաքոն եւ Սեդան անկեղծացել են, որ հնարավոր չէ բառերով նկարագրել այդ էմոցիաները, եւ իրենց կհասկանան միայն նրանք, ովքեր երեխաներ ունեն: «Տեսեք, հիմա նրան թողել ենք տանը ու եկել, բայց կարծես մեզնից մի մասնիկ պակաս լինի, անհամբեր սպասում ենք, թե երբ պիտի վազենք տուն ու կրկին տեսնենք նրան: Նույնիսկ եթե գիշերներն արթուն ենք մնում, որ խնամենք ու կերակրենք նրան, հաճելի է, ծնողներն ինձ կհասկանան»,- նկատել է Սեդան:

Սաքոն էլ նշել է, որ ճիշտ ծնող լինելու բանաձեւն իրականում դեռ չգիտի, բայց մեծ հույս ունի, որ իրեն կհաջողվի լավ հայր լինել.«Զգացողությունների մասին խոսելը մի քիչ բարդ է, քանի որ երեխայի ծնվելուց հետո զգացմունքներդ խառնվում են իրար: Դու քեզ պարզապես շատ լավ ես զգում, երբ տեսնում ես՝ բալիկդ ժպտում է: Մենք որոշել ենք մեկ տղա եւ մեկ աղջիկ ունենալ, բայց ես երեխաներ շատ եմ սիրում, դեմ չէի լինի շատ երեխաներ ունենալուն (ժպտում է,- հեղ.)»:

Ինչ վերաբերում է նոր ֆոտոշարքին, ապա այն իրականացվել է երեխայի քառասունքը լրանալուն պես: Լուսանկարներում փոքրիկ Սելիննը բարուրված է: Պարզվում է՝ նրան այնքան էլ դուր չի եկել իր կերպարը, եւ շուտով սկսել է նեղվել այդպես փաթաթված լինելուց: Լուսանկարչին, սակայն, հաջողվել է կարճ ժամանակում ստանալ անհրաժեշտ կադրը, եւ աղջնակը նորից հանգիստ քնել է, ինչպես սովորաբար անում է՝ անհարմարություն չպատճառելով ծնողներին:

Չնայած՝ երեխան դեռ երկուսուկես ամսական է, Սաքոն ու Սեդան արդեն աշխատում են խիտ գրաֆիկով: Տանը նրանց օգնում են ծնողները, հիմնականում՝ Սաքոյի մայրը, ով սիրով խնամում է թոռանը ու սպասում մինչեւ հարսի ու որդու վերադարձը: «Փորձում ենք դուրս գալուց առաջ կերակրել, որ հանգիստ մնա այդ երկու-երեք ժամը, մինչեւ նորից կվազենք տուն: Իրականում բոլորն էլ օգնում են մեզ, ինչի համար շատ շնորհակալ ենք: Ի սկզբանե ե՛ւ իմ, ե՛ւ Սաքոյի ծնողները գիտեին, որ մենք այս ոլորտից ենք ու աշխատանքի մեջ խրված ենք: Նրանք մեզ հասկանում են ու աջակցում: Ընդամենը երկու ամիս է անցել, բայց արդեն այնքան նախագծեր ենք իրականացրել: Ինչ էլ անում ենք, մեր աղջկա համար ենք անում: Անսահման սիրում ենք պուճուրին»,- եզրափակեց Սեդան:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սաքո Մկրտչյանը

Be the first to comment on "«Անսահման սիրում ենք պուճուրին». Սաքոյի եւ Սեդայի նոր ֆոտոշարքը` նորածին դստեր հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ